ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հնարավոր է համարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ եռակողմ հանդիպումը։ Սպիտակ տան Հարավային մարգագետնում լրագրողների հետ զրույցում նա նշել է, որ Միացյալ Նահանգները կարող է երկրորդական պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի նկատմամբ, եթե ՈՒկրաինայում իրավիճակի կարգավորման հարցում հաջողություն չարձանագրվի։               
 

Բաց նամակ ՀՀ արտաքին գործերի նախարար պարոն Էդվարդ Նալբանդյանին

Բաց նամակ ՀՀ արտաքին գործերի նախարար պարոն Էդվարդ Նալբանդյանին
13.05.2014 | 11:57

Դուք գիտեք, թե գենդերային հավասարության օրենքի շուրջ ինչ վերաբերմունք և ինչ խմորումներ կան Հայաստանում: Հայության մեծ մասի համար այդ օրենքի քննարկումն իսկ մեր խորհրդարանում շատ անընդունելի ու անհասկանալի եղավ:
Հայն իր ազգային ինքնությունը, իր նկարագիրը, իր տեսակը՝ անվերջ մաքառումներով, անհնարին պայքարներով բերել հասցրել է այստեղ՝ այս բանական ժամանակներին, ոչ նրա համար, որ այսօր կորցնի այդ Աստվածատուր՝ ազգի բուն էությունը կազմող արժեքները:
Սովորական մի բան է արդեն, որ Արևմուտքը իր գաղափարները, իր ուսմունքները, իր նոր բացահայտումները՝ չափանիշ դարձրած, բերի ու պարտադրի մեզ: Արժեքներ, որ շատ խորթ ու անընդունելի են Հայ Մարդու համար: Հայը անգամ մինչ քրիստոնյա դառնալը չի համաձայնել ծառայել չարին, ինչպես Հայկ Նահապետը: Չի համաձայնել դավանափոխ լինել, ինչպես Վարդանանք ու Ղևոնդյանները: Չի համաձայնել ուրանալ իր ազգն ու հավատը, ինչպես եղեռնի զոհ դարձած հազար-հազարավոր ու հազարավոր հայի զավակները:
Անշուշտ, բաներ կան, որ օտարները չգիտեն, բայց մենք պարտավոր ենք իմանալ:
Զարմանալի բան է. Հայաստանում գտնվող արևմտյան երկրների մի քանի դեսպաններ ու դեսպանատան աշխատողներ իրենց չափազանց ազատ են պահում հյուրընկալ Հայաստանում: Նրանք մեզ մոտ իրենց զգում են ինչպես իրենց սեփական տանը. այդպես կամա-ակամա չարաշահում են իրենց իրավասությունները: Նրանք իրենց գործունեությունը Հայաստանում տարածում ու ծավալում են շատ ավելի, քան իրենց գործառության շրջանակներն են: Ո՛վ է նրանց արտոնել միջամուխ լինել մեր ազգի ներքին խնդիրներին, քննարկել բաներ, որոնք զուտ ազգի ներքին խնդիրներն են: Ո՛վ է նրանց արտոնել, որ աղանդավորներ, ինչ-ինչ համախոհներ ու այլասերներ իրենց շուրջը հավաքեն ու քննարկեն մեր հայ եկեղեցու կարգավիճակը Հայաստանում:
ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակը Հայաստանում, ԱՄՆ դեսպանությունը և Եվրամիության պատվիրակությունը, ԵԱՀԿ և Եվրախորհրդի երևանյան գրասենյակները ողջունում են ՀՀ վարչապետին կից կանանց հարցերի խորհրդի նոյեմբերի 22-ի հայտարարությունը… որում շատ զարմանալի պահանջներ ու անչափ զարմանալի ոճ կա: Այս հայտարարության մեջ նախ խոսվում է կանանց հարցերով խորհրդի վճռականության մասին՝ հավատարիմ մնալ Հայաստանի Հանրապետության՝ գենդերային հավասարության միջազգային իր պարտավորություններին, ներառյալ «Կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձևերի վերացման» ՄԱԿ-ի կոնվենցիան: Ապա աջակցում են նաև խորհրդի կոչին՝ երաշխավորելու «Կանանց և տղամարդկանց համար հավասար իրավունքների ու հավասար հնարավորությունների ապահովման վերաբերյալ» օրենքի արդյունավետ կիրառումը: Այն, որ ողջունում են, աջակցում, միջամտում, իրենց գաղափարներին ու նպատակներին ծանոթ լինելով՝ մի կերպ կարող ենք հասկանալ: Բայց ահա պատժի սպառնալիքին միանալով՝ սպառնալ հայ ժողովրդին, շատ անհասկանալի է: Հայտարարության մեջ ասվում է . «Ինչպես նաև մենք սատարում ենք իրավապահ մարմիններին ուղղված կոչը. այն է՝ ձեռնարկել բոլոր հնարավոր միջոցները՝ կանխելու և պատասխանատվության ենթարկելու գենդերային հավասարության և կանանց իրավունքների հարցերով զբաղվող անհատների ու կազմակերպությունների հասցեին ուղղված սպառնալիքները»: Այո, շատ զարմանալի է. «Մեր հյուրերը» իրենց դիվանագիտական ծառայությունը Հայաստանի Հանրապետությունում հավատարմորեն կատարելու և ազգային շահերը ի պաշտոնե պաշտպանելու փոխարեն դեմ են գնում մեր գերակա շահերին: Հայ ազգի գերակա շահն է՝ ՊԱՀԵԼ ԻՐ ՆԿԱՐԱԳԻՐԸ, ԻՐ ՏԵՍԱԿԸ ԵՎ ԻՐ ԱԶԳԱՅԻՆ ԻՆՔՆՈՒԹՅՈՒՆԸ:
Պարզ ու կարճ ասենք.
-Հայաստանում չկա «Ազգային խտրականություն»։
-Հայաստանում չկա «Կանանց նկատմամբ խտրականություն»։
-Հայաստանում չկա «Երեխաների պաշտպանության խնդիր»։
-Հայաստանում չկա «Կանանց և տղամարդկանց համար հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների ապահովման խնդիր»:
Հայաստանում այս խնդիրները լուծում են ստացել դեռ այն ժամանակ, երբ Հայաստանը քրիստոնեությունն իբրև ազգային կրոն ընդունեց ու հռչակեց: Իսկ այնուհետև՝ ժամանակի հետ բնական ընթացքով ավելի ու ավելի կատարելագործվեց ու շատ օրինակելի տեսք ստացավ մեր ժամանակներում: Իսկ ինչ վերաբերում է «Գենդերային հավասարությանը», ապա սա իրոք մի շատ անհասկանալի հասկացություն է: Այս բառը ո՛չ թարգմանվում է, ո՛չ վերծանվում ու ո՛չ էլ իր հոմանիշն ունի, որ սովորական մարդը կարողանա որևէ բան հասկանալ: Իսկ ահա՛ նրանք, ովքեր հեղինակել ու մեզ են հրամցնում այդ բառը, շատ լավ գիտեն դրա խորհրդավոր ու գաղտնածածուկ իմաստները, որովհետև իրենց երկրներում կինը՝ կնոջ, տղամարդը՝ տղամարդու թաթիկը բռնած եկեղեցի են մտնում իբրև ամուսնական զույգեր:
Դուք լսե՛ք, և նրանք էլ թող իմանան, որ Հայաստանում այդօրինակ բաներ չեն կատարվի:
Այո՛, Հայաստանը չի ընդունի բոլոր այն արժեքները, որ անբարո են, անբնական, այլասերող ու այդպիսով էլ՝ Աստվածընդդեմ:
Հայը թույլ չի տա, որ Հայաստանում մարդու մեջ սպանեն մարդը:
Ստացվում է, որ «Կանանց խորհուրդը» հայությանը սպառնում է այն բանի համար, որ նա չի ուզում թույլ տալ, որ անբարոյականությունն այլասերի ու խեղաթյուրի մեր ազգի դիմագիծը:
Հայաստանում մարդու իրավունքների խախտման այսօրինակ խնդիրներ չկան: Կային հատուկենտ միասեռականներ, ովքեր, այստեղ ու այնտեղ իրենց ցավին ու վիճակին համակերպված, իրենց կյանքն էին ապրում, և, ի զարմանս անգամ իրենց, ոչ ոք նրանց իրավունքին չէր դիպչում: Հայաստանում խտրականության խնդիրներ չկան:
Կա մի շատ տարօրինակ բան. մեր այս արևմուտքցիներն ինչն ուզում են խնդիր դարձնել, դարձնում են: Հայաստանում երեխաների պաշտպանության խնդիր չկա, բայց այս մարդիկ ինչ-ինչ պատճառով կամենում և այդպիսի խնդիր են առաջացնում: Հայաստանում ընտանեկան բռնություններ չկան, բայց այս մարդիկ վերցնում ու խնդիր են առաջացնում: Հայաստանում կանանց նկատմամբ խտրականություն չկա, բայց այս մարդիկ այնպես են անում, որ լինի: Եվ այսպես շարունակ: Հասկանալի է, որ երբեմն պատահող բացառիկ դեպքերի մասին չէ խոսքը, ինչը պատահել ու պատահում է աշխարհի բոլոր երկրներում: Իսկ այն երկրի ներկայացուցիչները, ովքեր այս խնդիրների համար պայքար են տանում, եթե շուռ գան ու իրենց կողմը նայեն, կտեսնեն, որ իրենց երկրներում այսօրինակ իրավախախտումները, խտրականություններն ու բռնությունները շատ ավելի չափազանց են ու շատ:
Իսկ մեր հայրենի գործիչներին, ովքեր այս կամ այն կերպ առնչվում ու մասնակցում են այս գործընթացներին, հորդորում ենք թողնել, հեռու մնալ անշնորհակալ գործերից, որովհետև դրանք ազգի ինքնությանն ու լինելությանն են վերաբերում:
Դառնանք ու նայենք մեր պատմությանը, տեսնենք, թե ովքեր էին, որ փառքի, պարծանքի ու անմահության արժանացան, և ովքեր էին, որ իրենց ազգադավ գործերով անարգանքի սյունին գամվեցին ու արժանացան սերունդների անեծքին:
Եթե թույլ տանք, որ գործի «Բաժանիր, որ տիրես» հին սկզբունքը, ապա այսօր՝ այսքան անհաշիվ կուսակցությունների, կազմակերպությունների, կրոնական խմբերի ու, ով գիտի, քանի-քանի կառույցների առկայությամբ մեր այս փոքրիկ երկիրը քանի մասի կարող է բաժանվել: Ի՛նչ է՝ վեր ենք կացել երկիր կառուցելո՞ւ, թե՞ ցաքուցիր լինելու անօրինակ շքերթի:
Վտանգված են մեր երկրի ներկան ու ապագան։
Մենք Ձեզ խնդրում ենք՝ մեր այս մտահոգությունները, նկատառումները հաշվի առնելով՝ Ձեր իրավասությունների սահմանների չափով ձեռք առնեք բոլոր հնարավոր միջոցները՝ կանխելու համար բոլոր այն արտաքին ու ներքին գործընթացները, որոնք հակասում կամ հարվածում են մեր ազգային շահին ու ինքնությանը:
Հայաստանում ապրող մի խումբ
հայ մտավորականների անունից
Սուրեն ՊՈՂՈՍՅԱՆ - բանաստեղծ
Հրաչյա ԲԵՅԼԵՐՅԱՆ - բանաստեղծ
Մաքսիմ ՈՍԿԱՆՅԱՆ- բանաստեղծ
Աշխեն ԱԲԱԶՅԱՆ-գրող
Ռոմանոս ՍԱՀԱԿՅԱՆ- մշակութաբան, բանաստեղծ
Հովիկ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ- գրող
Հրաչյա ՍԱՐՈՒԽԱՆ- բանաստեղծ
Հենրիկ ԷԴՈՅԱՆ- բանաստեղծ
Հակոբ ՄՈՎՍԵՍ- բանաստեղծ
Յուրի ԽԱՉԱՏՐՅԱՆ- գրականագետ
Սամվել ԲԵԳԼԱՐՅԱՆ -արձակագիր
Զավեն ՊԵՏՐՈՍՅԱՆ- բանաստեղծ, նկարիչ
Երվանդ ՊԵՏՐՈՍՅԱՆ - բանաստեղծ
Լարիսա ԳԵՎՈՐԳՅԱՆ - գրող, լրագրող
Պավել ԱՆԱՆՅԱՆ - թարգմանիչ
Գոհարինե ՏՐԴԱՏՅԱՆ- ռեժիսոր, դասախոս
Սուսաննա ՇԱՔԱՐՅԱՆ- ավագ դասախոս
Ն. ՍԱՀԱԿ - բանաստեղծուհի
Մավրիկ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ- լրագրող
Վիտալի ԱՍԼԱՆՅԱՆ- կենսաբան
Շանթ ՄԿՐՏՉՅԱՆ-
բանաստեղծ-թարգմանիչ
Ռոմիկ ՍԱՐԴԱՐՅԱՆ-
բանաստեղծ, հրապարակախոս

Դիտվել է՝ 617

Մեկնաբանություններ